«Բռնության դեմքը․ մարդու իրավունքները և կանանց հիմնահարցերը» միջոցառումը Վանաձորում

15-12-2023

Ամեն տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը Հայաստանում և միջազգայնորեն նշվում է Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակը։ Արշավի այս տարվա խորագիրն է «Միասի՛ն կարող ենք կանխել բռնությունը»։ Գենդերային բռնությունը վերաբերում է յուրաքանչյուրիս, և յուրաքանչյուրս էլ կարող ենք անել մեր քայլը՝ կանխելու գենդերային բռնության բոլոր տեսակների շղթաները։

2023թ․ դեկտեմբերի 6-ին «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հետ համատեղ իրականացրեց «Բռնության դեմքը․ մարդու իրավունքները և կանանց հիմնահարցերը» միջոցառումը` կիսելով 16-օրյակի այս տարվա ուղերձները։ Այն տեղի ունեցավ Վանաձորի սրճարաններից մեկում, որտեղ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին գենդերային խտրականության և կանանց նկատմամբ բռնության դրսևորումներից, ընտանեկան բռնության դեպքերի և երկրում առկա աջակցության մեխանիզմներից, կանանց սեռական ու վերարտադրողական առողջության ու իրավունքի ոլորտում առկա խնդիրներից, սեռական բռնության և ոտնձգության հարցերից։

Խոսնակները կիսեցին բռնություն վերապրած, ՄԻԱՎ-ով ապրող, հաշմանդամություն ունեցող, լեսբի, բիսեքսուալ ու տրանս և այլ խմբերի կանանց աջակցության տրամադրման իրենց փորձառությունով և առկա աջակցության հնարավորություններով՝ աջակցման կենտրոններ ու հասարակական կազմակերպություններ, թեժ գծեր, որոնք հասանելի բոլորի համար Երևանում և մարզերում։

Հանդիպումն ամփոփվեց խտրականություն ու բռնություն վերապրած կանանց պատմությունների ու դեպքերի, կնասպանության դեպքերի հիման վրա պատրաստված պաստառների և խորհրդանշական նկարների ցուցահանդեսով։

Պատմությունները

Այստեղ ներկայացված են բռնություն ու խտրականություն վերապրած կանանց 5 պատմություններ` հավաքագրված գենդերային խտրականության ու բռնության դեպքերից։ Կանայք տարբեր են լինում, իրենց պատմությունները ու դեպքերը նույնպես տարբեր են, սակայն գենդերային հիմքով խտրականությունը և բռնությունը մեկն է։ Միավորվելով մենք կարող ենք կանխել կանանց նկատմամբ բռնությունը։