Լրամփոփ | սեպտեմբեր 2025

30-09-2025

Առողջապահության նախարարությունը շարունակում է թիրախավորել իրավապաշտպան Մամիկոն Հովսեփյանին

Ժողովրդավարական երկրներում դժվար է պատկերացնել իրավիճակ, երբ որևէ նախարարություն իր պաշտոնական հարթակներում հրապարակայնորեն հարձակվում և թիրախավորում է իրավապաշտպանի, սակայն Հայաստանի պարագայում նման գործելաոճը շարունակական բնույթ է կրում՝ հատկապես այն դեպքերում, երբ Հովսեփյանը հանդես է գալիս նախարարության հասցեին քննադատությամբ։

Վերջին հրապարակմամբ նախարարությունը ոչ միայն հեգնել է Հովսեփյանին, այլև կասկածի տակ է առել նրա իրավապաշտպան լինելը։ Այնուամենայնիվ, Մամիկոն Հովսեփյանը ճանաչված իրավապաշտպան է ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային մակարդակով։ Դրա վկայությունն են նրա մասնագիտական կրթությունն ու երկարամյա փորձառությունը, ինչպես նաև հեղինակավոր մրցանակներն ու բարձր մակարդակի միջազգային հարթակներում ունեցած ելույթները։

Նմանատիպ հայտարարություններն ու թիրախավորումը ստեղծում է վախի մթնոլորտ, նվազեցնում է իրավապաշտպանների և համայնքների վստահությունը պետական կառույցների հանդեպ։

Կոչ ենք անում Առողջապահության նախարարությանը դադարեցնել հարձակումներն ու իրավապաշտպանի լռեցնելու փորձերը։ Միևնույն ժամանակ հորդորում ենք ՀՀ կառավարությանը ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու համար, որ պետական պաշտոնյաները զերծ մնան իրենց լիազորությունների չարաշահումից և ենթարկվեն պատասխանատվության նմանատիպ գործողությունների համար։ Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի անդամ, ունի ստանձնած միջազգային պարտավորություններ երաշխավորելու իրավապաշտպանների պաշտպանությունը և խոսքի ազատությունը։

Նոր զեկույց՝ բռնության հրապարակային կոչերի արգելքի իրավակիրառ պրակտիկան մասին

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը տարիներ շարունակ արձանագրել է ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ ատելությամբ և անհանդուրժողականությամբ պայմանավորված իրավախախտումները, որոնք հիմք են ծառայել պնդելու, որ Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի համալրելու օրենսդրությունը այնպիսի իրավակարգավորումներով, ինչպիսիք են խտրականության արգելքի մասին համապարփակ օրենքը և ատելության խոսքի տարբեր տեսակները արգելող դրույթները։ Փինքի կողմից յուրաքանչյուր տարի գրանցվում է սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով մարդու իրավունքների խախտումների դեպքեր։ Այս դեպքերի մեծամասնություն են կազմում ընտանեկան բռնության դեպքերը, որոնք ինքնին, հանդիսանալով տարբեր տեսակի բռնության դրսևորումներ, հանդիսանում են հանցագործություն։ Մնացած դեպքերի մեծ մասը ևս հանդիսանում են քրեական օրենսգրքով արգելված արարքներ՝ կատարված ատելության և թշնամանքի շարժառիթով, ինչը ևս ծանրացնում է հանցանքի բնույթը։ Այս իրավիճակը և արձանագրվող դեպքերի աճող ցուցանիշը վկայում են երկրում զուգահեռաբար ատելության և անպատժելիության մթնոլորտների մասին։ Այսինքն, մի կողմից պետական մարմինների կողմից որևէ ջանք չի գործադրվում բարձրացնելու համար հասարակության իրազեկվածության մակարդակն ու հանդուրժողականությունը ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ, մյուս կողմից չի ապահովվում իրավական արդյունավետ պաշտպանության որևէ միջոց՝ վերականգնելու համար մարդկանց խախտված իրավունքները և կանխելու համար հետագա ոտնահարումները։

Բեռնել զեկույցն այստեղ։

2025 թ. առաջին կիսամյակում արձանագրված դեպքերի ամփոփ նկարագիր

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2025 թ.-ի ընթացքում շարունակել է իրավաբանական, սոցիալական աշխատողի աջակցության և հոգեբանական ծառայություններ տրամադրել ԼԳԲՏ+ անձանց։ Սույն ամփոփագիրը ներկայացնում է 2025 թ. առաջին կիսամյակում ԼԳԲՏ+ անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ փաստագրված դեպքերի վիճակագրությունը և վերլուծությունը։ Իրականացված աշխատանքի արդյունքում փաստագրված տվյալները ենթարկվում են վերլուծության և հիմք են հանդիսանում տարեկան զեկույցի կազմման, որն արտացոլում է ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների խախտումների ընդհանուր նկարագիրը։ 

Ամփոփագրին կարող եք ծանոթանալ այստեղ։ Այն ներառում է ԼԳԲՏ+ անձանց իրավիճակը 2025 թ.-ի առաջին վեց ամիսների ընթացքում՝ հիմնվելով կազմակերպության մասնագետների կողմից արձանագրված մարդու իրավունքների ոտնահարումների վերլուծության վրա։ 

Տեղեկատվական գրքույկ ԼԳԲՏ+ փախստականների, ապաստարան հայցողների համար

Տարեց տարի փախստականների թիվը աճում է ինչպես ամբողջ աշխարհում, այդպես էլ Հայաստանում։ Այս աճը պայմանավորված է սոցիալ-տնտեսական, քաղաքական և մի շարք այլ հիմնախնդիրներով։ ԼԳԲՏ+ փախստականները առավել խոցելի են, քանի որ վտանգ կա բախվելու բազմաշերտ խտրականության՝ պայմանավորված սեռական կողմնորոշմամբ, գենդերային ինքնությամբ, հաշմանդամության կարգավիճակով, ռասայով, մաշկի գույնով և այլն։

Այս գրքույկը ուղղված է աջակցելու և ուղղորդելու ԼԳԲՏ+ փախստականներին Հայաստանում։ Այստեղ Դուք կարող եք գտնել առաջնային տեղեկություն, թե ինչպես կողմնորոշվել ՀՀ-ում հասանելի աջակցության տարբեր ձևերից, որ դեպքում ուր դիմել, ինչ իրավունքներ ու իրավական կարգավորումներ են առկա, որտեղ և որ կառույցներին է հնարավոր դիմել բռնությանը կամ խտրականությանը բախվելիս։

Ուղեցույցը հասանելի է հինգ լեզուներով՝ հայերեն, պարսկերեն, արաբերեն, ռուսերեն և անգլերեն։

Գենդերային ուսումնասիրությունների և սեռականության 2-րդ հայկական կոնֆերանս

Գենդերային ուսումնասիրությունների և սեռականության 2-րդ հայկական կոնֆերանսը հարթակ է, որտեղ կհանդիպեն հոգեկան առողջության ոլորտի մասնագետներ, հետազոտողներ և սոցիալական ոլորտի փորձագետներ՝ քննարկելու այն հարցերը, որոնք ձևավորում են մեր հասարակության սոցիալ-հոգեբանական կառուցվածքը։ Կոնֆերանսը նպատակ ունի բացահայտել միտումներ, վերհանել հոգեբանական աջակցության համակարգերի թերությունները, և խթանել ցանցային համագործակցություն՝ նորարար ու ավելի ներառական լուծումներ մշակելու համար։

Կոնֆերանսի մանրամասներին ծանոթացեք այստեղ։