Նոր ժամանակաշրջանի սկիզբ

25-12-2012

Դեկտեմբերի 21-ին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն նշում էր կազմակերպության 5-ամյակը` «Նոր ժամանակաշրջանի սկիզբը» խորագրով:

2007թ-ը դարձավ այն տարին, երբ երեք խանդավառ երիտասարդներ որոշում կայացրին ստեղծել կազմակերպություն, որը դժվար ճանապարհ պետք է անցներ` իրականացնելու այն աշխատանքը, որը դեռևս այդ մասշտաբով չէր իրականացվել Հայաստանում: 2007թ-ի դեկտեմբերի 14-ին, ստացանալով գրանցման վկայականը, հասկացանք, որ հետ ճանապարհ այլևս չկա. ՓԻՆՔ-ը պետք է իր մեծ ներդրումն ունենա Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարության կերտման համար:

Ամեն տարի կազմակերպության կողմից իրականցվող ծրագրերն ու միջոցառումները ավելացել են, համալրվել է աշխատակազմը տարբեր մասնագետներով: Ստեղծման օրվանից կամակերպության աշխատանքներին իրենց ակտիվ մանակցություն են ունեցել երիտասարդ կամավորներ, իսկ 2010թ-ից մեր աշխատանքներում ներգրավվել են նաև միջազգային կամավորներ Շվեդիայից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Գերմանիայից, Սլովակիայից և այլն:

Տարիների աշխատանքի արդյունքում ՓԻՆՔ-ը ներգրավվել է տեղական և միջազգային կարևոր ցանցերի աշխատանքներում և այսօր արդեն միացյալ ծրագրեր է իրականացնում ոլորտում փորձառու կազմակերպությունների հետ: ՓԻՆՔ-ը հանդիսանում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի», «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի», «Մարդու իրավունքների տան» հիմնադիր անդամներից մեկը:   Ողջ այս ընթացքում մեզ ֆինանսական աջակցություն են տրամադրել բազմաթիվ դոնոր կազմակերպություններ, որոնց շնորհիվ կրթատեղեկատվական միջոցառումներ են կազմակերպվել Հայաստանում, իրականացրել սեռավարակների կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության ծրագրեր:

Առանձնահատուկ դեր ունի մեր կազմակերպության հիմնման և առաջընթացի հարցում Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը, որի շնորհիվ ստեղծվել է «Տեղեկատվության, կրթության, հաղորդակցության» կենտրոնը Երևանում և տարածել մեր աշխատանքները Հայաստանի մարզերում:

Մեզ համար մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծավալած գործունեությունը հանդիսանում է անկյունաքարային: Կազմակերպության հիմանդրումը ինքնին նպատակ է հետապնդել հասցեագրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրները:

Կազմակերպության գործունեության հինգ բուռն տարիների ընթացքում անցած ճանապարհը միշտ չէ, որ հարթ է եղել. բազմաթիվ դժվարություններ, որոնց մենք հանդիպեցինք այդ տարիների ընթացքում մշտապես իրենց հետ նոր հարցեր և մտահոգություններ էին բերում: Սակայն պատասխանն ակնհայտ է. «Այն ամենն ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում»,- ինչպես կասեր ֆրիդրիխ Նիցշեն:

Եվ ահա եկել է նոր ժամանակաշրջանի սկիզբը` արժևորելու անցածի փորձառություններն ու հաջողությունները, ինչպես նաև հիմք դնելու նոր գործողությունների և ապագա պլանների: Մենք արդեն սկսել ենք Հայաստանում հակախտրական օրենսդրություն ունենալու ջատագովության գործընթացը, և մոտ ապագայում մեր ծրագրերում կներառվի նաև շահառուներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման բաղադրիչը:

Թող որ այս օրը դառնա ուրախությունների և ձեռքբերումների տոն և շարունակությունը արդեն իսկ հասած  հաջողությունների: